Անչափահասների հետ աշխատող քննիչներին կրթելու նպատակով հրատարակվել է «Երեխաների սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» վերնագրով ձեռնարկ:
«Ձեռնարկը օգտակար կլինի ոչ միայն քննիչների համար, այլեւ բոլոր այն անձանց համար, ովքեր զբաղվում են երեխաների իրավուքների պաշտպանությամբ եւ առհասարակ երեխաների հարցերով»,- այսօր՝ փետրվարի 2-ին, ձեռնարկի շնորհանդեսին ասել է համահեղինակ ՀՀ Քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը:
Թումասյանը նշեց, որ ձեռնարկում մանրամասն նկարագրված են սեռական հանցագործության զոհ դարձած անչափահասների հետ քննչական գործողություններ կատարելու ընդունելի պայմանները:
«Ցանկացած իրավաբան պետք է իմանա հանցակազմի տարրերը, տարանջատի հանցագործությունները, որը երեխաների պարագայում բավական դժվարեցված է հենց երեխաների ընկալման պատճառով: Դժվար է պատկերացնել, որ 13 տարեկան երեխան կարողանա նույն դիմադրությունը ցույց տալ բռնաբարության ժամանակ, ինչ 30 տարեկան կինը, եւ երբեմն նույն հանցագործը տեսնելով երեխայի պատրաստակամությունը, սեռական գործողության ընթացքում որեւէ դիմադրություն ցույց չտալու ընկալում է որպես կամավոր գործողություն իսկ դա իրականությանը չի համապատասխանում: Ձեռնարկում ներկայացված է՝ ինչ ասել է հանցակազմ»,-ասել է Թումասյանը:
Անդրադառնալով անչափահասներին հարցաքննելու տեւողությանը եւ կարգին՝ Դավիթ Թումասյանը ասել է՝ նրանք 40 րոպեից ավելի պետք է չհարցաքննվեն, իսկ հարցաքննությունը պետք է իրականացվի անպայմանորեն մանկավարժի եւ հոգեբանի ներկայությամբ:
«Երեխաների հարցաքննությունը պետք է իրականացնել նրանց տարիքին եւ զարգացվածությանը համապատասխան, խոսքը գնում է հոգեբանի եւ մանկավարժի մասնակցությանը, նրանք բավականին կարեւոր դերակատարություն ունեն այս հարցում, որը ներկայացվել է նաեւ ձեռնարկի մեջ»,-ասել է Թումասյանը:
Նշենք, որ ձեռնարկը հրատարակվել է «Հույս եւ Օգնություն» հասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի եւ երեխաների շահագործման դեմ պայքարի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեում ներկայացվել էր մի հետազոտություն, որում արձանագրվել էին թերություններ անչափահասների հետ աշխատող քննիչների աշխատանքում:



























