ԵԽԽՎ–ում հունվարի 26-ին «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով հակահայկական զեկույցի ընդունումը լուրջ բացթողնում էր: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

«Լուրջ բացթողում էր թե նման զեկույցների հայտնվելը, թե դրանցից մեկի ընդունումը: Բացթողում էր, որ նման  զեկույցներ առհասարակ հնչեցին միջազգային հանրության մեջ»,- ասաց նա:

Անուշ Սեդրակյանի խոսքով՝ նման զեկույցները ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը թերանում է կանխարգելիչ աշխատանքի հարցում:

«Ես կարծում եմ՝ ժամանակն է դադարեցնել ռուսական քաղաքականության իներցիան ավտոմատ շարունակելու պրոցեսը եւ ձեւավորելու շահեկան քաղաքականություն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։