ՀՀ ԱԳՆ տեղափոխությունը նոր շենք տեղի կունենա մոտ ժամանակներս։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այս շենքը մենք նույնպես սիրում ենք։ Այն խորհրդանշական է։ Նրա հետ ջերմ հիշողություններ են կապված»,- նշել է Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ զգացողություններով է նա լքում հին շենքը։

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ դա Հայաստանի արդեն 3-րդ ԱԳՆ շենքն է։

«Տարբերությունն այն է, որ նոր շենքը կառուցվել է ֆունկցիոնալ առանձնահատկությունների եւ պահանջները հաշվի առնելով։ Այն ավելի հարմար է, ներկայացուցչական եւ ընդարձակ»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ԱԳՆ աշխատակազմը տեղափոխվում է այն զգացողությամբ, ասես թե ընտանիքը տեղափոխվում է նոր տուն։