Հայաստանը միշտ նախաձեռնող է եղել ՀԱՊԿ-ում, արել է ամեն ինչ, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնի։ Այս մասին փետրվարի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կազմակերպությունում իր նախագահության ժամանակահատվածում Հայաստանն ինչպես է մտադիր լրացնել իր իսկ նշած բացթողումները, նախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում Հայաստանը ավելի պատասխանատու կլինի։ «Բայց մեկ նախագահության մեկ ժամկետում ամեն ինչ չես հասցնի անել։ Դա հետեւողական գործընթաց է, որը պահանջում է բոլոր անդամների ջանքերն ու հետեւողականությունը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։

Մեկնաբանելով ղարաբաղյան հարցի շուրջ կազմակերպության դիրքորոշումը՝ նախարարը նշել է, որ ՀԱՊԿ ու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի գագաթաժողովներում ընդունվել է 4 փաստաթուղթ, որտեղ արտացոլված կարգավորման վերաբերյալ է մասնակից անդամների դիրքորոշումը, ու դրանք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։