Արարատի մարզի Այգեստան գյուղի 52-ամյա բնակիչ Զավեն Մկրտչյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման նախկին կնոջը դանակահարելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից։

Գործով հաստատվել է, որ Զավեն Մկրտչյանը եւ տուժող Սերինե Դավթյանը 2000 թ. ամուսնացել են ու բնակվել Արարատի մարզի Այգեստան գյուղում` Զ.Մկրտչյանի հայրական տանը: Միմյանց հետ անհաշտ լինելու պատճառով 2008 թ. Սերինե Դավթյանը հեռացել է ամուսնու տանից եւ բնակվել նույն գյուղում գտնվող իր հայրական տանը:

2009 թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, դատապարտյալ Զավեն Մկրտչյանը հարբած գնացել է Սերինե Դավթյանի տուն` նախապես իր հետ վերցնելով խոհանոցային դանակ: Ոտքով հարվածելով բացել է վերջինիս տան մուտքի դուռը ու մտել ներս: Դանակը պահել է Ս.Դավթյանի գլխին ու պահանջել, որպեսզի վերջինս իր հետ գնա իրենց տուն: Սերինե Դավթյանը վախից համաձայնել է, որից հետո Զավեն Մկրտչյանը, բռնելով Սերինե Դավթյանի մազերից, քաշելով նրան տարել է բակ: Որտեղ մի ձեռքով դանակը պահել է նրա պարանոցին, իսկ մյուս ձեռքով գրկելով նրա պարանոցը, ամուր սեղմել է: Սերինե Դավթյանը, երբ փորձել է պարանոցն ազատել նրա ձեռքից, Զավեն Մկրտչյանը ձեռքում եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Սերինե Դավթյանի կրծքավանդակին։

Ըստ դատապարտյալի՝ դեպքի օրը երեկոյան, շուկայից տուն վերադառնալիս, տանը կենցաղային օգտագործման համար դանակ չունենալու պատճառով, խանութից գնել է խոհանոցային դանակ, որը սպորտային վերնազգեստի գրպանում չտեղավորվելու պատճառով, ձեռքում բռնած, պահել է հագուստի թեւքի մեջ

Դեպքի օրը ինքը ոգելից խմիչք չի օգտագործել, Սերինե Դավթյանին դանակով դիտավորյալ հարվածելու մտադրություն չի ունեցել, թե ինչպես է դանակը նրա կրծքավանդակին պատահական կպել, չի զգացել, եւ թե դա ինչպես է եղել, ստույգ չի կարող ասել, այդ իսկ պատճառով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղավոր չի ճանաչել:

Նշենք, որ Զավեն Մկրտչյանը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել։ Նա կալանավորված է։