Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 1-ին քրեական գործ է հարուցել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ դիտորդ Վարդգես Գասպարիի դեմ՝ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում հանձնաժողովի աշխատանքին եւ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: NEWS.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ իր համար անհասկանալի է իրեն առաջադրված մեղադրանքը, ինքը կատարել է իր աշխատանքը եւ ուրիշ ոչինչ:
«Ինձ ընդհանրապես անհասկանալի է մեղադրանքի էությունը: Քաղաքացիներն եկել են քվեարկելու եւ ես ընդամենը հետաքրքրվել եմ՝ արդյոք նրանք քվեարկելու իրավունքն ունեն, թե չունեն: Եթե իրանք համարում են, որ ես դրա իրավունքը չունեմ, ես ի՞նչ ասեմ: Ասում են խիստ մոտիկ տարածությունից նկարահանել եմ հանձնաժողովի անդամենրին, չեմ կարծում որ շատ մոտ տարածությունից եմ նկարահանել՝ մինիմում 1-2 մետր հեռավորությունից, իսկ դա խիստ մոտիկ չի: Եթե իրենք էնտեղ անօրինական գործողություններ են արել, երեւի դրա համար են հոգեբանորեն ճնշվել »,-ասաց Վարդգես Գասպարին:
Նրա խոսքով, դեկտեմբերի 6-ին, սահմանադրական հանրաքվեի օրը, երբ 9/15 ընտրատեղամասում քաղաքացի Զոյա Խաչատրյանը եկել է քվեարկության եւ պարզվել է, որ նրա փոխարեն արդեն քվեարկված է, ինքը սկսել է տեսախցիկով նկարահանել եւ մեղադրանքում նշված է, որ դրա հետեւանքով Զոյա Խաչատրյանը հուզվել է, որն էլ խանգարել է նրան քվեարկել:
«Եթե այդ մարդու փոխարեն արդեն քվեարկել էին, էդ ո՞նց եմ խանգարել, որ նա քվեարկի, չեմ հասկանում»,-ասաց Վարդգես Գասպարին:




























