Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախկին մեղադրյալ, ներկայումս կարեւորագույն վկա Տիգրան Ասատրյանի դատավճիռը փետրվարի 1-ին մտել է օրինական ուժի մեջ:
Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկացավ, որ Տիգրան Ասատրյանին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման: Սակայն նշանակված պատժին դատարանը հաշվակցել է անազատության մեջ գտնվելու 8 (ութ) ամիս 1 (մեկ) օր ժամկետը և Տիգրան Ասատրյանի պատիժը համարել կրած:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Ասատրյանը քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել է հրազեն հանդիսացող «Նագան» տեսակի 7.62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող «Նագան» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակների համար նախատեսված 50 հատ 7.62մմ տրամաչափի մարտական փամփուշտներ, 5 հատ 7.62մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ, 3 հատ «Ֆ-1» տեսակի նռնակները, 2 հատ «ՈւԶԳՌՄ» տեսակի և 1 հատ «Ջ-1» տեսակի նռնակների պայթուցիչները, որոնք հայտնաբերվել են վերջինիս տանը խուզարկության ընթացքում։
Տիգրան Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:



























