Իրաքի Քրդստանի ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանին կարծում է, որ եկել է Իրաքի տարածքում քրդական պետության ստեղծման հանրաքվե անցկացնելու ժամանակը:  «Այժմ եկել է ժամանակը եւ համապատասխան պայմաններ կան, որպեսզի մարդիկ հանրաքվեով որոշում կայացնեն իրենց ապագայի վերաբերյալ», - Բարզանիի մամուլի ծառայության հայտարարությունն է մեջբերում  AFP-ն:

Մինչ այդ, հունվարի 28-ին իրանական Fars գործակալությունը հաղորդել էր, որ Բարզանին պատրաստ է վայր դնել իր լիազորությունները.   «պաշտոնը խաղաղ եղանակով թողնելու իր մտադրության մասին  նա հայտնել է Քրդստանի քաղաքական առաջնորդների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը»: Բարզանին, գրում է Fars-ը, նաեւ հայտնել է, որ «ամբողջությամբ կաջակցի այն թեկնածուին, որը կընտրվի քաղաքական կուսակցությունների կողմից եւ որի օգտին կքվեարկեն ընտրողները»: «Նա հայտնեց, որ ինքն առաջին փուլում կմնա`  իր հաջորդին մի որոշ ժամանակ օգնելու ահաբեկչական ԻՊ խմբավորման դեմ պայքարում, իսկ հետո կհեռանա Իրաքյան Քրդստանից` ապահովելու հաջորդ նախագահի անկախությունը», - նշել է գործակալությունը: Բարզանին արդեն ավելի քան 10 տարի Իրաքյան Քրդստանի նախագահն է: Նա այդ պաշտոնում  առաջին անգամ ընտրվել էր 2005-ի հունիսին` չորս տարի ժամանակով:   Սակայն նախագահական երկրորդ ժամկետի ավարտին Իրաքյան Քրդստանն արդեն ակտիվորեն մասնակցում էր ԻՊ-ի դեմ պայքարին: Սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ քրդական երկու խոշոր կուսակցություն` Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը եւ Քրդստանի հայրենասիրական միությունը պայմանավորվեցին Բարզանիի լիազորությունները երկարաձգել եւս երկու տարով` մինչեւ 2015-ի օգոստոսի  19-ը: Անցյալ տարվա օգոստոսին Իրաքյան Քրդստանի Խորհրդակցական խորհուրդը որոշում կայացրեց եւս երկու տարով երկարաձգել Բարզանիի լիազորությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: