Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 3-7-ը հայկական 4 ընկերություններ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեր երկիրը կներկայացնեն «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին:

«Ես սիլվեր», «Միտարիո գոլդ» ընկերությունները եւ «Դավթյան Դիզայն», «Երեմ Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերերը կներկայացնեն իրենց արտադրանքը՝ ոսկյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, դասական եւ ժամանակակից թանկարժեք զարդեր:

«JUNWEX Петербург»-ը ՌԴ-ում եւ ԱՊՀ երկրներում ոսկերչական բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն են առեւտրային ցանցերի եւ ընկերությունների ներկայացուցիչներ, առաքիչներ, խոշոր գնորդներ: Այս տարի ցուցահանդեսին  մասնակցում է շուրջ 500 կազմակերպություն՝ ավելի քան 20 երկրից, իսկ այցելուների թիվը, ակնկալվում է, որ կանցնի 25 հազարը։

«Հզոր ավանդույթների եւ արդի տեխնոլոգիաների համադրման շնորհիվ հայկական ոսկերչությունն այսօր հաջողությամբ մրցակցում է աշխարհի լավագույն երկրները ներկայացնող արտադրատեսակների հետ: Այն մեր երկրի կառավարության համար տնտեսության գերակա ուղղություն է, եւ Հայաստանի զարգացման հիմնադրամն ամեն կերպ փորձում է աջակցել տեղական ընկերություններին՝ նոր շուկաների ձեռքբերման եւ միջազգային ասպարեզում հայկական ոսկերչությունն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիրր տնօրեն Արման Խաչատրյանը: