Հայաստանում ճանապարհային անվտանգության նշանները գողանում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե ինչու է ավտոճանապարհներին շատ հաճախ բացակայում նշանները:
«Գողությունները շատ են, օգտագործում են կենցաղային խնդիրների լուծման համար: Օրինակ, «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին մենք տեղադրում էինք ազդաններ, հաջորդը օրը դրանք գողանում են: Այս ծրագրով մենք ոչ միայն ճանապարհն ենք կառուցում, այլեւ չափանիշներին համապատասխան ազդանշաններ ենք տեղադրելու»,- ասաց Արթուր Առաքելյանը:
Պատասխանը, սակայն, չգոհացրեց ԲՀԿ-ական պատգամավորին: Վերջինը քմծիծաղ տվեց. «Բոլորիս համար նորություն էր դա, նշաններ են գողանում... Վրաստանում, օրինակ, այդ ցուցանակները շատ մեծ են լինում, եւ անհնար է գողանալ»:
Նշենք, որ վարկը տրամադրվում է 25 տարով, վարկային արժեքն է 40 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է սպառել 2016-2019թթ. ընթացքում եւ արդյունքում վերակառուցել 190 կմ ճանապարհ: Տոկոսադրույքը լողացող է:



























