Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի Պուշկին 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի՝ սեփականության օտարման պահանջով:

NEWS.am-ի հետ զրույցում դատարանում Ժիրայր Ավանյանի շահերը ներկայացնող Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ այսօր՝ փետրվարի 3-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հրապարակվեր «Դոլմամայի» օտարման պահանջով հայցի վերաբերյալ դատավճիռը, սակայն դատավորը որոշում է կայացրել վերսկսել քաղաքացիական գործի քննությունը՝ անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները եւ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Տիգրան Աթանեսյանը, որը նոր է ներգրավվել գործում, միջնորդել է հետաձգել գործի քննությունը նյութերին եւ պատասխանող կողմի դիրքորոշմանը ծանոթանալու համար:

NEWS.am-ի հետ զրույցում «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը նշեց՝ կապայքարի, որպեսզի ոչ միայն իր սեփականությունը, այլեւ տարածքում վտանգված մյուս 4 շինությունները չքանդվեն:

«Ինչքան ավյուն ունեմ, այնքան ներդնելու եմ չքանդվելու դեմ: Այստեղ միայն «Դոլմամայի» հարց չէ,  ամբողջ տարածքն է վտանգված: Բայց սա մի փողոց է, որը պահպանելով, մեծ օգուտ ունի պետությունը: Արամի 30-ի պատմությունը չի կրկնվի, այն ժամանակ չպայքարեցի ու պարտվեցի: Բայց հիմա եկել, հասել  է նրան, որ ռեստորանը ոչ միայն իմն է, այլ Երեւանին ու Հայաստանինն է»,-ասաց Ժիրայր Ավանյանը:

«Դոլմամա» ռեստորանի օտարման գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Նշենք, որ 2008 թ-ի օգոստոսին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, Պուշկինի 8 և 10 հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, սակայն, առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռքբերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Ըստ քաղաքապետարանի՝ համապատասխանաբար տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:

Բացի այդ, ըստ պաշտոնյաների, տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երեւանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում: