Եգիպտոսի վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի 149 կողմնակցի մահվան դատավճիռը, նրանք մեղադրվում էին 2013-ի ամռանը ոստիկանների սպանությունների համար:
Դատարանի որոշման համաձայն, այդ գործի քննությունը պիտի նորից սկսվի:
Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները մեղադրվում են Կահիրեի արվարձանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման համար, որն իրականացվել էր 2013-ի ամռանը եւ որի արդյունքում 13 մարդ էր զոհվել:
2014-ի հունիսին Եգիպտոսի դատարանը 2013-ի անկարգությունների գործով մահվան դատավճիռ էր կայացրել «Մահմեդական եղբայրներ» շարժման 183 անդամի նկատմամբ, սակայն հետագայում դատավճիռների զգալի մասը չեղյալ էր համարվել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի պաշտոնանկ արված նախագահ եւ «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մուհամմեդ Մուրսին եւս անցյալ տարվա ամռանը մահվան էր դատապարտվել:
Եգիպտոսում Մուրսիի պաշտոնանկությունից հետո յոթ մարդ մահապատժի էր ենթարկվել, որոնցից վեցը «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամ էին:




























