Վանաձորում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող բնակարանագողերի եռյակը կալանավորվել է երկամսյա ժամկետով:  Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Նշենք, որ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական  եւ որոնաղական միջոցառումների շնորհիվ  բերման էին ենթարկվել Վանաձորի բնակիչ 24-ամյա Արթուրը, 25-ամյա Արայիկը եւ Սպիտակի բնակիչ 23-ամյա Ռադիկը: Ի դեպ` Արայիկի բնակարանից զննությամբ հայտնաբերվել է այն ատրճանակը, որով ոստիկանների ուղղությամբ կրակոց էր արձակվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակիչներ Ա.Սարգսյանին եւ Ա.Գալստյանին 2016 թվականի փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ռ.Ռստակյանին՝ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը բնակարանգողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ: 00:03-ի սահմանում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում ահազանգ է  ստացվել, որ Նարեկացի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում գողություն է կատարվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Հասնելով բնակարան՝ ոստիկանները փորձել են բացել բնակարանի դուռը, բնակարանագողերը ոստիկանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Հանցագործներին հաջողվել է փախչել:

Մեր տեղեկություններով, կրակոցներից ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին ուժեղացված ծառայություն է իրականացվում նաեւ քաղաքից դուրս եկող ավտոճանապարհներին:

Մեր տեղեկություններով, ոստիկանություն ահազանգողը եղել է այն բնակարանի տանտիրոջ հարազատներից մեկը, որտեղ կատարվել է գողությունը: