H1N1 վիրուսը մուտացիայի չի ենթարկվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Մենք երկու ռեֆերենս լաբորատորիա ենք ուղարկել եւ Լոնդոն, եւ Ռուսաստան, այդպիսի տվյալներ չունենք մուտացիայի հետ կապված»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նախարարը հայտարարեց, որ այսօր հիվանդացության նվազում կա, հիվանդանոցներում սուր շնչառական վարակով 570 հիվանդ կա, իսկ թոքաբորբով՝ մոտ 300 հիվանդ: Այս ընթացքում շուրջ 3300 հիվանդ հոսպիտալացվել ու բուժվել է: H1N1 վիրուսը, նրա խոսքով, մահացու չէ, վտանգավոր է, երբ այն բարդանում ու ուղեկցվում է այլ հիվանդություններով: Արմեն Մուրադյանը նշել է, որ հղիների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 70 տոկոսով, հոսպիտալացումը մոտ 50 տոկոսով է նվազել: Հիվանդության պատճառով մահացել է 19 մարդ: