Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, անկախ նրա մեղքի բաժնից, չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ միայն դատարանն է իրավասու Շուշանիկ Բախշյանին մեղավոր ճանաչել:
«Ես կտրականապես դեմ եմ մեղադրանքներին եւ հալածանքներին, եւ չեմ թաքցրել իմ վերաբերմունքը այդ հարցին առաջին իսկ օրվանից: Անկախ նրա մեղքի բաժնից՝ բժշկի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել, կարծում եմ՝ չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»,-ասել է Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարը կարեւորել է ծննդկան Մերի Մարգարյանի գործով համապատասխան իրավաբանական վերլուծությունն ու մոտեցումը:
Անդրադառնալով այն լուրերին, թե Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կեղծված են՝ Արմեն Մուրադյանը նշել է, որ այդ առումով իրականացվել է հետեւողական եւ անաչառ աշխատանք:
«Մեր ունեցած տվյալներով՝ նա հոսպիտալացվել է թոքաբորբով: Որեւիցե խնդիր սխալ ախտորոշման հետ մենք չենք ունեցել ոչ մեր բժշկական հասարակության, ոչ էլ իրավապահների օրակարգում»,-ասել է Մուրադյանը:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն հունվարի 30-ին գրավի դիմաց ազատ արձակեց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ:
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:




























