Լոռու մարզի Թումանյան համայնքում փետրվարի 14-ին կանցկացվեն համայնքապետի ընտրություններ, որի արդյունքում Թումանյանի տարածաշրջանի 7 համայնքները միավորվելով կունենան մեկ համայնքի ղեկավար: Ընտրություններին կմասնակցեն  Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների բնակիչները:

Ի սկզբանե Թումանյան համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել երկու թեկնածու՝ Թումանյանի այժմյան քաղաքապետ Լեւոն Ձավարյանն ու Թումանյանի քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի մասնագետ Էդգար Պետրոսյանը: 29–ամյա մասնագետը երկու տարի է, ինչ աշխատում է քաղաքապետարանում:

Թեկնածուների առաջադրումից հետո տարածաշրջանում ակտիվորեն սկսեցին շրջանառվել խոսակցությունները, որի երիտասարդ թեկնածունի առաջադրումը ձեւական է։

Չնայած նա շարունակ պնդում էր, որ թեկնածությունը հանելու մտադրություն չունի եւ գործող քաղաքապետին աջակցելու համար չի առաջադրվել, այնուամենայնիվ, փետրվարի 2-ին դիմել է թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով ու ինքնաբացարկի դիմում ներկայացրել:

Ի դեպ, ինքնաբացարկի դիմումի ներկայացման համար վերջնաժամկետը փետրվարի 4-ն է` ընտրություններից 10 օր առաջ:

NEWS.am-ի հետ զրույցում Էդգար Պետրոսյանը ինքնաբացարկի դիմում ներկայացնելը բացատրեց նրանով, որ պայքարն անիմաստ էր։

«Ես ավելի շատ մտածեցի պարտության մասին, որովհետեւ իրա շրջապատն ավելի մեծ ա: Այսինքն՝ մտածեցի, որ 100 տոկոս կպարտվեմ, չեմ կարա ես իրա հետ ոտք մեկնեմ: Սկզբից ուրիշ ձեւի էի մտածում, ուրիշ ձեւի էի պատկերացնում, հիմա ուրիշ ձեւի: Շատ նպատակներ ունեի, շատ հույսեր ունեի, բայց ներկա պահին արդեն անիմաստ ա, որ խորանայի ու շարունակելի տայի իմ ընթացքը»:

Մեր դիտարկմանը, որ մի քանի օր առաջ իր հարցազրույցում ասել էր, որ ինքնաբացարկ հայտնելու մտադրություն չունի, նախկին թեկնածուն պատասխանեց. «Չունեի,  բայց մեջս արդեն վախ կա, պարտության վախ»։