Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը չի տիրապետում իր պորտֆելի շուրջ այս օրերին ընթացող բանակցություններին, որն իշխանությունը պատրաստվում է զիջել ՀՅԴ-ին։
«Բանակցություններ են ընթանում եւ երբ ավարտվեն, արդյունքների մասին կտեղեկանաք։ Որեւէ խոսակցություն չի եղել իմ պաշտոնի մասին։ Զիջել-չզիջելու խնդիր չկա, կա աշխատանք եւ դու կարող ես իրագործել այդ աշխատանքը»,- նշել է նախարարը։
Մեր հարցին, թե դաշնակցականներին կհաջողվի՞ այդ ոլորտի ղեկը ստանձնելով՝ ծանր սոցիալական իրավիճակը փոխել, ինչով էլ հիմնավորում են իրենց՝ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը, Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես յուրաքանչյուր աշխատանք, որ իրականացվում է, պիտի իրականացվի մեծ նվիրումով, առաջին հերթին՝ մեծ նվիրումով, որ գործառույթները էնպես լինեն, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն»։
Իսկ ինչպես է ստացվում կոալիցիոն կառավարությունում նախարարի ու իշխող կուսակցության ներկայացուցիչ տեղակալի աշխատանքային փոխհարաբերությունները։ Արդյո՞ք իշխող կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջը լիազորում է որոշումների վրա ազդեցություն ունեցող լծակներով։ Ասատրյանը շեշտեց, թե դա ընդամենը կազմակերպչական հարց է։ Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ն շատ է շեշտում ազդեցության լծակների բացակայության մասին եւ հայտարարում, որ կոալիցիան միայն ազդեցության լծակների դեպքում է նպատակահարմար, արձագանքեց․«Դրանք արդեն կառուցվածքային բանակցությունների ընթացքում քննարկվող հարցեր են, թե ինչպիսին պիտի լինի համագործակցությունը իրավունքները, պատասխանատվությունը, սրանք լուծելի խնդիրներ են։ Ցանկացած նախարար ունի հստակ լիազորություններ եւ պատասխանատվություն, բնականաբար, ինքն է կրում տվյալ ոլորտի պատասխանատվությունը»։
Արտեմ Ասատրյանը դժվարացավ ասել՝ Դաշնակցության հետ կկիսի այդ պատասխանատվությունը, հորդորեց սպասել բանակցությունների ավարտին։




























