Տավուշի մարզի Բերդավան համայնքի միջգյուղական ճանապարհը գրեթե անանցանելի է, մինչդեռ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մերժել է առաջարկը՝ նորոգելու այդ հատվածը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ տրամադրվելիք վարկով անհրաժեշտ է հենց այդ ճանապարհները նորոգել:

«Ճանապարհն անանցանելի է, արագ տեղաշարժվելու հնարավորություն չկա, հիվանդանոցն է այնտեղ, դպրոցը: Սահմանամերձ գյուղերին առավել ուշադրություն պետք է դարձնել: Ես դիմել եմ նախարարությանը եւ ստացել եմ մերժում, որը շատ կոռեկտ ձեւով է գրված. «Միջոցներ ունենալու դեպքում կանենք դա»: Բացի դրանից, մի այնպիսի հաշվարկ են ներկայացրել, որ մնացել եմ ապշած»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Հարցին ի պատասխան Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտնեց, որ իրենք բոլոր առաջարկներին ուշադիր են եւ առաջնահերթությունը տալիս են հենց պատգամավորների առաջարկներին:

«Ինձ հույս տվեցիք, որ անդրադարձ կլինի այս ծրագրին»,- արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը:

Նշենք, որ փետրվարի 4-ին խորհրդարանում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը միջեւ 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ վարկային այս ծրագիրը շարունակական բնույթ է կրում եւ ուղղված է մարզերի համայնքային ճանապարհային ցանցի զարգացմանը: Ըստ Արթուր Առաքելյանի՝ առաջինը տրվել է 2013թ-ին, սա էլ երկրորդ վարկն է:

«Վարկային արժեքն է 40 մլն ԱՄՆ դոլար, որը նախատեսվում է սպառել 2016-2019թթ. ընթացքում եւ արդյունքում վերակառուցել 190 կմ ճանապարհ: Վարկն արտոնյալ է իր բնույթով, մարման ժամկետը 25 տարի է, տոկոսադրույքը լողացող է»,- ասել է Արթուր Առաքելյանը: