ԲՀԿ-ի՝ կոալիցիայի կազմում ընդգրկվելու թեման փակել-չփակելու հարց չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք քննարկել ենք, որ ՀՅԴ-ՀՀԿ ապագա կոալիցիայի պայմաններում ԲՀԿ-ն ինչ ռազմավարություն ու տակտիկա է ընտրում, ոչ թե մենք որոշել ենք գնանք կամ չգնանք»,-ասաց Միքայել Մելքումյանը:

«Մենք քննարկում ենք, թե մեծամասնության եւ ՀՅԴ-ի կոալիցիայի պարագայում մենք ինչ ենք անելու, ինչ ստրատեգիա ենք ունենալու, հո հիմա ամեն ինչ չե՞նք բացելու: Քաղաքական զինանոցը բազմազան է»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ թեեւ ԲՀԿ-ին կոալիցիա կազմելու առաջարկ իշխանությունների կողմից չի արվել, սակայն խմբակցությունում ակտիվ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ: ԲՀԿ-ական պատգամավորների մի մասը կողմ է արտահայտվում կոալիցիայի կազմում ընդգրկվելուն, մյուս մասն առաջարկում է մինչեւ 2017 թվականը մնալ խորհրդարանում ընդդիմադիր կեցվածքով, որպեսզի կարողանան ընտրությունների ժամանակ քվե ստանալ:

Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հակված է իշխանությունների հետ կոալիցիա կազմել ընտրություններից հետո: