Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով եւ խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը: Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում: Շնորհակալ եմ շատերի բարձր գնահատականին արժանանալու համար, իսկ թերությունների համար…Դրանք ակտիվ աշխատանքի ընթացքում անխուսափելի են: Եղել եւ մնում եմ Փաստաբանների պալատի կողքին: Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության եւ լրատվության հետ՝ «բարիկադների մյուս կողմից»,- գրել է Հայկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատում դեռեւս անցած տարվա հոկտեմբերից լուրջ զարգացումներ էին սկսվել, երբ լրագրող Փայլակ Ֆադրադյանն իր ֆեյսբուքյան էջում բացահայտումներ էր արել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ ՓՊ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի գործունեությունից։ Ըստ Ֆահրադյանի, Երվանդ Վարոսյանի դեմ գործը բառի բուն իմաստով սարքված է, եւ ավելին կարգապահական վարույթ հարուցելը պատվեր է, որը կատարվել է ՀՀ փաստաբանների պալատի ղեկավար անձանց, եւ նրանց ենթականերից մի քանիսի ձեռամբ:
«Ինչպես հայտնի է մեկ այլ հրապարակման հետ կապված եւս Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Ցավոք, այդ ամենում ակամայից ես եւս ունեմ մեղքի բաժինը: Երվանդ Վարոսյանի ու Լուսինե Սահակյանի գործունեությունը վատ տեսանկյունից ներկայացնող երկու հոդվածների հեղինակը, որոնք տեղադրվել էին կայքում, եղել է փաստաբանների պալատից: Դրանք պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն է ուղարկել, իր ղեկավար Արա Զոհրաբյանի հետ համաձայնեցնելուց հետո, եւ նրա խնդրանքով դրանք տեղադրվել են կայքում, որից հետո Արա Զոհրաբյանի հրահանգով կարգապահական վարույթ է հարուցվել Երվանդ Վարոսյանի նկատմամբ: Այլ կերպ ասած, իմ «ընկերն» օգտագործել է իմ վստահությունը եւ իր ղեկավարի հետ այդ փաստն օգտագործել փաստաբանների դեմ»,- նշել է Ֆահրադյանը:
Հայկ Հակոբյանի եւ Արա Զոհրաբյանի դեմ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանն արդեն հայց են ներկայացրել դատարան՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջով: Փաստաբանները պահանջում են ամիսներ առաջ xnews.am կայքում իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող հոդվածի վերաբերյալ հերքում հրապարակել եւ ներողություն խնդրել: Որպես բարոյական վնասի փոխհատուցում սիմվոլիկ 1 դրամ են պահանջել:




























