3798 քառակուսի կմ տարածքով Լոռու մարզում հանքարդյունաբերությամբ է զբաղվում շուրջ 35 կազմակերպություն, որոնցից   5-ը շահագործում է մետաղական հանքեր, հաղորդում է «ԷկոԼուրը»: 

5 մետաղական հանքերից Շամլուղի պղնձի հանքը շահագործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, Ալավերդու պղնձի հանքը՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, Մղարթի ոսկի-բազմամետաղային հանքը՝ «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, Արմանիսի ոսկի բազմամետաղային հանքավայրը՝ «Սագամար» ՓԲԸ-ն:

Նշենք, որ Լոռիում մետաղական հանքերի ընդերքօգտագործման իրավունք ունեն «Ասսաթ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքի նկատմամբ, «ԲԱԿՏԵԿ ԷԿՈ» ՍՊԸ-ն Արջուտի ոսկու հանքավայրի նկատմամբ:

Մարզպետի մոտ քննարկման ընթացքում նաեւ նշվել է, որ առաջարկություն է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպեսզի Լոռու մարզի Ստեփանավան, Ուրասար,  Թեղուտ եւ Շնող համայնքները նույնպես ընդգրկվեն վնասակար ազդեցության ենթակա համայնքների ցանկում ու բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական բյուջեից սահմանված կարգով ստանան մասնահանումներ: Ակնկալվող բնապահպանական նպատակային գումարները կուղղորդվեն նշյալ համայնքների ազգաբնակչության առողջության եւ շրջակա միջավայրի պահպանման միջոցառումներին: