Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է լինելու: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում չհերքեց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Ամենայն հավանականությամբ, կառաջադրենք Արման Թաթոյանի թեկնածությունը»,-ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե ինչու է հենց Արման Թաթոյանի թեկնածության վրա կանգ առել իշխող կուսակցությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Միայն նա չէ, կան նաեւ այլ թեկնածուներ: Ինչ վերաբերում է Արման Թաթոյանին, նա նախկինում Լարիսա Ալավերդյանի ժամանակ աշխատել է ՄԻՊ-ում: Մենք հիմա աշխատում ենք Քրեական դատավարության օրենսգրքի վրա, բավականին բանիմաց, խելացի տղա է»:

Նրա խոսքով, վաղը՝ փետրվարի 5-ին, կլինի ՀՀԿ խմբակցության նիստ, որի ժամանակ վերջնականապես կընտրվի թեկնածուն:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այդ պաշտոնի համար առաջադրել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառաջադրի Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

Ավելի վաղ Հովհաննես Սահակյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ՀՀԿ-ն արդեն ունի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, որին կքննարկեն խմբակցությունում եւ սահմանված ժամկետում կներկայացնեն պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: «Մենք ունենք մեր թեկնածուն, կքննարկենք նաեւ խմբակցությունում: Բավականին նորմալ, բավականին փորձ ունեցող, բավականին խելացի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ունենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2016թ. հունվարի 12–ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Փետրվարի 1-ին ԱԺ-ն հաստատել է հրաժարականի դիմումը: Մինչեւ մարտի 1-ը կընտրվի  նոր ՄԻՊ: