ԲՀԿ խմբակցությունում իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը շարունակվում է թեժ քննարկվել: Խմբակցությունում իրավիճակը լարված է, բաժանվել են երկու թևի, մի մասը Նաիրա Զոհրաբյանի հետ պնդում է, որ 2017  թվականի ընտրություններից առաջ նպատակահարմար չէ կոալիցիա կազմել, մյուս մասը նախարարական նկրտումներով պայքարում է, որպեսզի գործադիրում պաշտոններ զբաղեցնեն:

Ուշագրավ է, որ ներկուսակցական պայքարը սրվում է, մինչդեռ կոալիցիա կազմելու առաջարկ չկա: Կոալիցիայի կողմնակիցների բանակը առաջնորդում է Միքայել Մելքումյանը, ով տարբեր հարցազրույցների եւ մեկնաբանությունների միջոցով հիմնավորում է այդ ձգտման անհրաժեշտությունը: Այս թեւում են Վահան Բաբայանը եւ Աբրահամ Մանուկյանը, որը նախկինում առողջապահության փոխնախարար է եղել: Մասնավորապես Մելքումյանն ու Բաբայանը փորձում են իշխանական խողովակներով հասնել այս նպատակին: Թե ինչու է այս թեւին այդպես ձգում կոալիցիան NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է Աբրահամ Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, Դուք կոալիցիային ձգտող թեւից եք…

Ես մեր կուսակցության թիմից եմ, ոչ թե թեւերից…

Կոալիցիան ի՞նչ է տալու ԲՀԿ-ին:

Իհարկե, շատ մեծ հնարավորություններ կլինի, էն առումով, որ բազմաբեւեռ մտածելակերպ կլինի ու դա կբերի արդյունքի:

ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիայից ի՞նչ եք ակնկալում, ի՞նչ պիտի փոխվի կառավարությունում:

Մենք կարծում ենք, որ  բոլոր տեսակի ֆորմատներով մեր ներկայությունը արդյունավետություն կբերի:

Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ կոալիցիան արդյունավետ կլինի, եթե ազդեցության իրական հնարավորություն ունենաս ծրագրերն իրականացնելու, համամի՞տ եք:

Ազդեցության լծակը  ո՞րն է, իհարկե, հնարավոր է ազդեցության լծակ ունենալ… Ես ռեալիստ եմ ու գտնում եմ, որ առաջարկ լինի, նոր մենք մեր մոտեցումը կհայտնենք: Մենք որ  սահմանադրական փոփոխություններին ու բյուջեին կողմ ենք քվեարկել, աջակցել ենք, ոչ թե իշխանամետություն ենք ցուցաբերել, այլ որ ինքներս մեր ծրագրերի մեջ դա ունեցել ենք, որ կողմ ենք այդ համակարգին: Բյուջեին էլ մենք կողմ ենք եղել, որովհետեւ ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից, մեխանիկորեն պիտի կողմ քվեարկես ու կառավարությանը շանս տաս գնալ առաջ:  Մինիմալով պիտի ստարտը սկսվի…  Էդ աջակցությունը ոչ թե տվել ենք շահագրգռված լինելով, այլ մեր պետության համար, ոչ թե իշխանության մեջ մեզ տեսնելու համար:

ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարում է, որ իշխանությունը հեղինակազրկված է եւ իրենք, կոալիցիա կազմելով, իրենց վարկանիշի անկման հաշվին փորձելու են ներսից իրավիճակը փոխել: Դուք ի՞նչ կարծիքի եք իշխանության մասին:

Իշխանությունը ամեն ինչ անում է, որ գնանք դեպի առաջընթաց… Սրանից էն կողմ էլ վատը չի լինի…

Այսինքն` Դուք ներսից իրավիճակը փոխելու ցանկություն չունե՞ք:

Երբեք, ժամանակին կար ըտենց նպատակ, մինչեւ 2015-ի փետրվարն էր, բայց քանի որ քաղաքական իրադարձությունները փոխվեցին, համոզվեցինք, որ ամեն վայրկյան պահանջենք իշխանության հրաժարականը, ճիշտ չի, ամեն մարդ պիտի իր տեղում աշխաատանք տանի: