Հայաստանի ներկայիս իշխանությունները երկարաժամկետ զարգացման ոչ մի պլան չունեն։ Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի հետ նոր վարկային համաձայնագրի շուրջ խմբակցության տեսակետը։
Ընդդիմադրի խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, կարող է արդյոք ներկայիս իշխանությունը ազնիվ տնօրինել փոխառած միջոցները, եւ կարելի է արդյոք վստահ լինել, որ դրանք չեն հայտնվի պաշտոնյաների գրպանում։ «Սնանկացած երկրի կոռումպացված կառավարությունը պարտ է վերցնում՝ դրա դիմաց գումարը ծախսելու եւ զարգացման ոչ մի ծրագիր չներկայացնելով։ Մենք դրա պատասխանատվությունը չենք վերցրել եւ չենք վերցնի»,- ընդգծել է Զուրաբյանը։ Նա հիշեցրել է, որ Transparency International-ի ինդեքսում Հայաստանն արդեն մի քանի տարի շարունակ 95-րդ եւ 98-րդ տեղն է զբաղեցնում՝ Նիգերի եւ Մալիի կողքին։
Նշենք, որ ՀԲ ծրագրով Հայաստանին 40 մլն դոլարի վարկ է տրամադրվում «Կենսական կարեւորության ճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման համար։




























