Ինչ-որ ճանապարհներ գյուղերում ստիպված ենք լինելու զրոյից կառուցել։ Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում ասել է տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ՀԲ տրամադրած վարկային ծրագրի քննարկումների ժամանակ։
«Շրջանների ճանապարհները, որոնք մենք վերանորոգում ենք, կօգնեն մարզերի զարգացմանը։ Դրանցից որոշները բառացիորեն զրոյից ենք կառուցելու, քանի որ նրանցից միայն հետքեր են մնացել»,- ասել է նա։
Ճանապարհները կծառայեն 8-15 տարի, կապիտալ կվերանորոգվեն դրենաժային կոլեկտորներն ու մյուս ենթակառուցվածքները, նշել է փոխնախարարը։
Ճանապարհների ընտրության հարցում տրանսպորտի նախարարությունը ղեկավարվելու է դրանց վիճակով եւ ճանապարհների շուրջ սոցիալական իրադրությամբ։
Նշենք, որ ՀԲ ծրագրով Հայաստանին 40 մլն դոլարի վարկ է տրամադրվում «Կենսական կարեւորության ճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման համար։



























