Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փետրվարի 3-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից հրազենային վնասվածք է ստացել ոչ թե մեկ, այլ երկու մարդ` նաեւ սպանված Վարդգես Գալստյանի եղբորորդին` Արկադի Գալստյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մի արագածավանցի, որը խնդրեց չհրապարակել անունը։ Նշենք, որ ոստիկանությունը հայտնել է միայն մեկ վիրավորի` Արման Խամոյանի մասին։

«Ասում են՝ չորս հոգու վրա է կրակել, բայց Արկադին, որ ոտքի կանգնի, սա էսպես չի թողնի, շատ ոխակալ է»,-ասաց արագածավանցին։

Նրա խոսքով՝ Վարդգես Գալստյանը չի մասնակցել վեճին։

«Տանը լոտո է խաղացել, զանգել կանչել են, հենց իջել ա, կրակել են»,-պատմեց տղամարդը։

Նշենք, որ Խամոյանների եւ Ղազարյանների թշնամությունը վաղեմի պատմություն ունի։ Վերջին տարիներին Խամոյանների խոտի դեզը երկու անգամ արվել է, ինչի մեջ նրանք մեղադրել են Ղազարյաններին։

Հարեւանների պատմելով՝ Խամոյանները ալկոհոլի ազդեցության տակ հիշելով խոտի դեզի այրելու պատմությունը, գնացել են Ղազարյանի տուն, ապա վեճ է սկսվել, որից հետո Ղազարյանը հրացանով կրակ է արձակել Խամոյան եղբայրների եւ նրանց զանգով օգնության հասած համագյուղացիների ուղղությամբ։ Կրակոցներից ստացած վնասվածքներից մահացել են Արտյոմ Խամոյանը եւ նրա ընկերոջ հայրը` Վարդգես Գալստյանը, իսկ Արման Խամոյանի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքից հետո սպանվածների հարազատները, վրեժխնդրությունից դրդված, գիշերը այրել են վեճին մասնակցած` Ղազարյանի ընկերներին պատկանող գույքը՝ հացի փուռ, երեք ավտոմեքենա, խոտի դեզ։

Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով գիշերվանից Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են։

Սպանության մեջ կասկածվող Սեդրակ Ղազարյանը ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։