Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով քննիչը մերժել է մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած միջնորդությունները:
Փաստաբանը միջնորդել էր առերեսում կազմակերպել իր պաշտպանյալի ու փորձագետ Գագիկ Հարությունյանի միջեւ:
Ըստ փաստաբանի՝ Գագիկ Հարությունյանը հարցաքննվել է քննիչի կողմից եւ իր ցուցմունքով արել է հետեւություններ, որոնք փորձագիտական եզրակացություններում չկան: Հետեւաբար, Սիրունյանը միջնորդել է առերեսում կազմակերպել, ինչպես նաեւ հարցաքննության ժամանակ փորձագետին առաջադրված հարցերի շուրջ նշանակել լրացուցիչ փորձաքննություն:
Մեկ այլ միջնորդությամբ էլ Ալեքսանդր Սիրունյանը խնդրել է պաշտպանական կողմին տեղեկացնել Շուշանիկ Բախշյանին առաջադրված մեղադրանքի հիմքերի, ապացույցների մասին՝ հանգամանորեն ներկայացնելով յուրաքանչյուր ապացույցի բովանդակությունը:
Միջնորդությունները մերժվել են:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց չի ընտրվել:



























