Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փետրվարի 3-ի ուշ երեկոյան հրազենային վնասվածք ստացած Արման Խամոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Որովայնի շրջանում կոտորակային վնասվածքներ ուներ, համապատասխան բուժօգնություն է ստացել եւ դուրս գրվել»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 3-ին ուշ երեկոյան Արագածավանում սպանվել էին 40-ամյա Արտյոմ Խամոյանն ու 49-ամյա Վարդգես Պետրոսյանը, իսկ Արտյոմ Խամոյանի եղբայրը՝ Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ Սեդրակ Ղազարյանը:
Ըստ հարեւանների՝ Խամոյանների եւ Ղազարյանների թշնամությունը վաղեմի պատմություն ունի։ Վերջին տարիներին Խամոյանների խոտի դեզը երկու անգամ այրվել է, ինչի մեջ նրանք մեղադրել են Ղազարյաններին։
Հարեւանների պատմելով՝ Խամոյանները ալկոհոլի ազդեցության տակ հիշելով խոտի դեզն այրելու պատմությունը, գնացել են Ղազարյանի տուն, ապա վեճ է սկսվել, որից հետո Ղազարյանը հրացանով կրակ է արձակել Խամոյան եղբայրների եւ նրանց զանգով օգնության հասած համագյուղացիների ուղղությամբ։ Կրակոցներից ստացած վնասվածքներից մահացել են Արտյոմ Խամոյանը եւ նրա ընկերոջ հայրը` Վարդգես Գալստյանը, իսկ Արման Խամոյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքից հետո սպանվածների հարազատները, վրեժխնդրությունից դրդված, գիշերը այրել են վեճին մասնակցած` Ղազարյանի ընկերներին պատկանող գույքը՝ հացի փուռ, երեք ավտոմեքենա, խոտի դեզ։
Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով գիշերվանից Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:



























