«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, խարդախության մեջ մեղադրվող Սերվենիկ Գեւորգյանը հացադուլ չի հայտարարել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից՝ անդրադառնալով Գեւորգյանի փաստաբանի հայտարարությանը, թե իր պաշտպանյալն արդեն 2 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ:

«2016թ. հունվարի 23-ին Սերվենիկ Գեւորգյանը բողոքել է առողջական վիճակից, եւ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է բուժզննության, այնուհետեւ տեղափոխվել «Աբովյան բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մեկ օր անց` հունվարի 24-ին, կալանավորված անձ Ս. Գեւորգյանը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Համապատասխան բուժզննումից եւ բուժումից հետո Ս. Գեւորգյանը փետրվարի 1-ին դուրս է գրվել բժշկական կենտրոնից եւ վերադարձել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ»,- հայտնեցին հանրային կապերի վարչությունից՝ հավելելով, որ Գեւորգյանն այժմ գտնվում է բժիշկ-մասնագետի հսկողության տակ եւ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում:

Նշենք, որ Սերվենիկ Գեւորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն):

Ավելի վաղ Սերվենիկ Գեւորգյանի փաստաբան Գայանե Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ վատ է, պահանջում է բժշկական նվազագույն սպասարկումն ապահովել: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի մարմնի ձախ հատվածը կաթվածահար է, ինքնուրույն շարժվել չի կարողանում, իսկ ՔԿՀ-ում նույնիսկ նվազագույն պայմանները չկան: