Ժնեւում բանակցությունների հերթական փուլը Սիրիայի հարցում որեւէ առաջընթաց չի գրանցի։ Այս մասին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ժնեւի բանակցությունները հետաձգելը մի քանի պատճառ ունի։ «Առաջինը Սիրիայի իրողություններն են։ Երկրում ռուսական ավիահարվածներից հետո էական փոփոխություններ են նկատվում։ Կառավարական ուժերը դրանց շնորհիվ զգալի հաջողությունների են հասել։ Երկրորդ պատճառը քրդերն են, որոնք ներկայացված չէին բանակցություններին»,- ասել է Գրիգորյանը։

Արաբագետը չի կարծում, որ այս փուլում բանակցություններն արդյունավետ են լինելու։ «Կողմերը պատրաստ չեն համաձայնության գալու եւ զիջումների գնալու»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ժնեւում Սիրիայի կարգավորման հարցով բանակցությունները հետաձգվել են մինչեւ փետրվարի 25ը։