ԲՀԿ-ն օմբուդսմենի պաշտոնում կառաջադրի իրավաբան, ԲՀԿ անդամ Մակար Եղիազարյանին։ Այս մասին փետրվարի 5-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Այսօր այդ երիտասարդի անունը միգուցե քիչ բան է ասում։ Սակայն նա արդեն հասցրել է աշխատել միջազգային կառույցներում, եւ հենց նման երիտասարդ կադրերը կարող են ազնվորեն կատարել երկրի գլխավոր իրավապաշտպանի պարտականությունները»,- ասել է նա։
Հարցին, թե չի ցանկանում ԲՀԿ-ն պաշտպանել «Ժառանգության» թեկնածու Զարուհի Փոստանջյանին, Զոհրաբյանը պատասխանեց. «Օմբուդսմենը պետք է լինի չեզոք եւ չունենա վառ արտահայտված քաղաքական հայացքներ, Ես շատ եմ հարգում Զարուհի Փոստանջյանին, սակայն նա շատ կողմնակալ հայացքներ ունի, որոնք ես հարգում եմ։ Իսկ օմբուդսմենը չպետք է լինի վառ արտահայտված ընդդիմադիր կամ իշխանամետ։ Նա պետք է քաղաքական գործընթացներից վեր լինի»։





























