Ռուսաստանը չի հրաժարվում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման քաղաքականությունից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով մի շարք արեւմտյան քաղաքական գործիչների հավաստիացումներն այն մասին, որ Բաշար Ասադի ուժերին ռազմական օգնություն ցուցաբերելով՝ Մոսկվան անհնար է դարձնում խաղաղ քաղաքական կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս տեսակետը մենք սխալ ենք համարում ու չենք կարող համաձայնել դրան»,- ասել է Պեսկովը: Նա շեշտել է,որ Ռուսաստանը հետեւողական ջանքեր է գործադրում Սիրիայի իրավիճակի խաղաղ ու քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային աշխատանքների հունով: «Ռուսաստանը աջակցում Սիրիայի արաբական հանրապետության լեգիտիմ ղեկավարությանը՝ ահաբեկչության, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ու միաժամանակ ջանքեր է գործադրում քաղաքական դիվանագիտական դաշտում,- հավելել է Պեսկովը,- Մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ այս բանակցային գործընթացը հեշտ չի լինելու, այն արագընթաց չի լինելու: Բայց մենք հույս ունենք, որ այն ամեն դեպքում կշարունակվի»: