Ձերբակալվել է հունվարի 26-ին Երեւանում 2 անձի հրազենային վնասվածք հասցնելու մեջ կասկածվող անձը:

Նշենք, որ հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:

Նրանց ինքնությունը պարզվել էր. 1980 թ. ծնված Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք էր ստացել նստատեղի շրջանում, իսկ 1969 թ. ծնված Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Մալաթիայի, Արաբկիրի, Մաշտոցի բաժինների   ծառայողների եւ  քննչական բաժնի ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 26-ին, ժամը 19.00-ին, 16-րդ թաղամասի թիվ 41 շենքին կից գտնվող գրասենյակային տարածքում, իրենց մոտ ապօրինի պահվող հրազեններից կրակել եւ Սերգեյ Գ.-ին ու Արթուր Թ.-ին մարմնական վնասվածքներ են պատճառել 41-ամյա Կարո Ա.-ն եւ 28-ամյա Հովհաննես Մ.-ն:

Փետրվարի 1-ին Կարո Ա.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես Մ.-ին եւ հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: