Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանն այսօր` փետրվարի 5–ին դատարանում տված իր ցուցմունքով փաստեց, որ ռուսական կողմն առանց հայկական կողմի գիշերը որոնել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ինչի իրավունքը չունեին։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ վկայի ցուցմունքներում հակասություն կար, նա իր տված առաջին ցուցմունքում նշել է, թե  որոնողական աշխատանքներին մասնակցել է առավոտյան 8 անց 30–ից, այնինչ հետագայում ասել է, որ գիշերը նույնպես մասնակցել է: 

«Պարզ դարձավ, որ առանց հայական կողմի որոնողական աշխատանքներ են կատարել, ինչի իրավունքը չունեին:  Հիմնավորվեց, որ հայկական կողմի դրսեւորած անգործության հետեւանքով է, որ Պերմյակովը ռուսական կողմում է հայտնվել, ու որ ռուսական կողմը ծանոթ չի փաստաթղթերին, որոնցով պարտավոր է հայկական կողմի հետ անել որոնողական աշխատանքները»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ դատարանում փաստաբանի հարցին, թե ինչու մինչեւ որոնողական աշխատանքներն սկսել հայկական կողմին չեն տեղեկացրել, ինչպես դա նախատեսվում է Հայ-ռուսական միջպետական պայմանագրով, վկա Միխայիլ Խաչատրյանը պատասխանել էր, որ ժամանակ չկորցնելու համար են դա արել։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը ՀՀ իրավապահներին կատարվածի մասին տեղեկացրել է միայն այն ժամանակ, երբ Պերմյակովին շների օգնությամբ փնտրելիս անհրաժեշտ է եղել խուզարկել գյումրեցիների տները։

Վկաների հարցաքննությունը շարունակվում է: փաստաբան:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ: