Փետրվարի 4-ին, ժամը 13.20-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել 67-ամյա Նինա Պ.-ն եւ հայտնել, որ ոմն Արթուր քանդել է իրենց ավտոտնակն ու գողացել տանիքի ամրանները եւ ներկա պահին գտնվում է այնտեղ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 56-ամյա Արթուր Շ.-ն գողացել է Նինա Պ.-ին պատկանող քարե ավտոտնակի տանիքի ամրանները` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2015 թ. հոկտեմբերի սկզբներին գողացել է նաեւ նշված ավտոտնակին կից ավտոտնակներից մեկի թիթեղյա դուռը, 14 ամրան եւ երկաթգծի ռելս, մեկ այլ ավտոտնակից` 21 ամրան, որից 14-ը` 10.000 դրամով վաճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արծրունի:

Գողոնը վերցվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: