Կախվելու տեսարանից հետո կոմայի մեջ ընկած դերասանը մահացել է
Մահացել է իտալացի դերասան Ռաֆայել Շումախերը, որը կոմայի մեջ էր ընկել «Տեսիլքներ» ներկայացման մեջ կախվելու տեսարանից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Պիզայի Lux թատրոնում: Հանդիսատեսներից մեկը հասկացել է, որ ինչ-որ բան սխալ է գնացել եւ նետվել է դերասանին օգնելու: 27-ամյա Շումախերին հիվանդանոց են տեղափոխել: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, ինքնասպանության փորձ է կատարվել, սակայն դերասանի մայրը եւ մտերիմները բացառում են այդ վարկածը:
Հարազատներն ու տեղի դատախազության ներկայացուցիչները հավանություն են տվել դերասանի օրգանների նվիրատվությանը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով BBC News-ին:
Օրինապահ մարմիններն այժմ ստուգում են, թե որքանով են պահպանվել տեխնիկական անվտանգության կանոններն այն թատրոնում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
Հիշեցնենք, որ քննության նախնական տվյալների համաձայն, բուտաֆորիական արկղը, որի վրա պիտի կանգներ դերասանը, հեռացված էր բեմից: Բացի այդ, հանգույցը պիտի կեղծ լիներ, իսկ ապահովագրող պարանները պիտի պահեին դերասանի մարմինը: Առայժմ չբացահայտված պատճառներով, հանգույցն իրական է եղել, իսկ ապահովագրությունը բացակայում էր:





























