Հայաստանի դպրոցների վարկանիշավորման գործընթացի նպատակը շահառուների եւ հասարակության իրազեկվածության մեծացմանը նպաստելն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թ. արդյունքների ամփոփմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ազգային վարկանիշավորման հանրակրթական համակարգը նույնպես վերջին տարիներին ստեղծված և կատարելագործված կարեւորագույն գործիքներից մեկն է հասարակության, մանկավարժական հանրույթի ու նախարարության համար, որպեսզի շոշափելի, արժանահավատ չափանիշներով կարողանանք համեմատել համեմատելին»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցները բաշխվել են ըստ իրենց հիմնական չափանիշների, համեմատվել են միեւնույն խմբում եղած դպրոցները` խոշոր քաղաքային, բուհական, մասնավոր, ավագ: Նախարարի խոսքով՝ այս տեղեկությունը կարեւոր է դպրոցների տնօրենների համար, այս կերպ նրանք կարող են հասկանալ դպրոցի խնդիրները կամ մրցակցային առավելությունները:
«Այն կարեւոր է նաեւ նախարարության համար` լավագույններին խրախուսելու ու մյուսներին աջակցելու համար: Վարկանիշները պետք չէ սիրել, հավանել, չհավանել: Մենք չենք հավակնել ստեղծել կատարյալ մեթոդաբանություն, որովհետեւ այդպիսին չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ դպրոցները բաժանվել են խմբերի հետեւյալ չափանիշներով՝
ա/ ըստ կազմակերպաիրավական ձեւի եւ ենթակայության՝ պետական ու ոչ պետական,
բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման՝ քաղաքային եւ գյուղական,
գ/ ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)՝ տարրական, հիմնական, միջնակարգ եւ ավագ, վարժարան,
դ/ ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին եւ փոքր:
Դպրոցների վարկանիշավորման գործընթացը մեկնարկել է 2013թ.:
Վարկանիշավորման համակարգի 2015թ. արդյունքները ներկայացված են ինտերնետային կայքում:




























