Քրեական գործի մանրամասներին չեմ տիրապետում եւ առհասարակ որեւէ ձեւով չեմ փորձում միջամտել ընթացող գործընթացին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով իր բարեկամի նկատմամբ հարուցված քրեական գործին, որի շրջանակներում վերջինս ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Պարոն Գաբրիելյան, մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձեր աներորդուն ձերբակալել են, ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նախ՝ վերջինս իմ աներորդին չէ, կնոջս ազգականն է, երկրորդ գործի մանրամասներին չեմ տիրապետում:

Իսկ հնարավոր չի՞ եղել ճշտել իրավապահներից…

Նման ցանկություն չի եղել. հասկանում եմ ինչ եք ակնարկում, ես որեւէ մեկին միջնորդություն չեմ ներկայացրել, առհասարակ որեւէ ձեւով չեմ փորձում միջամտել ընթացող գործընթացին:

Եվ հետո, եկեք անմեղության կանխավարկածը չխախտենք, կարծում եմ՝ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կաշառք պահանջելու կասկածանքով ձերբակալվել էին Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակիցները, որոնցից մեկը, ըստ շրջանառվող լուրերի Վաչե Գաբրիելյանի բարեկամն է: Ավելի ուշ ձերբակալվածները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Երկու աշխատակիցներին էլ մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությունը շարունակվում է: