Երկու օր տեւած ուժեղ անձրեւներից հետո թուրքական Դիարբեքիր քաղաքի կենտրոնում վերսկսվել են լարված մարտերը բանակի եւ քուրդ ակտիվիստների միջեւ, դեպքի վայրից տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: 

Տանկային համազարկերի եւ ինքնաձիգների կրակահերթերի ձայները տարածվում են ամբողջ քաղաքում: Բախումների շրջանից թանձր սեւ ծուխ է բարձրանում: Մարտերի վայրում պտտվում է ոստիկանական ուղղաթիռը, քաղաքում լսվում են ոստիկանության եւ շտապօգնության մեքենաների ազդանշանները: 

Թուրքական քրդերի  «մայրաքաղաք» համարվող Դիրաբեքիր քաղաքի կենտրոնում է գտնվում պատմական Սուրի շրջանը: Այնտեղ մի քանի ճարտարապետական հուշարձան կա, մասնավորապես, այն շրջապատված է մի քանի կիլոմետրանոց ամրոցապարսպով, որի որոշ հատվածներ վերագրվում են մ.թ.ա.  4-րդ դարին: Ամրոցի ներսում հինավուրց եկեղեցիներ եւ մզկիթներ կան, որոնք մոտավորապես հազար հինգ հարյուր տարեկան են: