Թեքսասի նահանգի Կորպուս Քրիստի քաղաքի քրիստոնեական համայնքը սկսել է   64 մետրանոց խաչ կառուցել, որն իր բարձրությամբ կլինի աշխարհում երկրորդը եւ առաջինը՝ Արեւմտյան կիսագնդում, տեղեկացնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով The Christian Post պարբերականը։

«Խաչը սառը եռակցման միջոցով կհավաքվի տարբեր պողպատյա գերաններից: Դրա բարձրությունը  210 ոտնաչափ կլինի (64 մ խմբ),  լայնադիր գերանի երկարությունը` 95 ոտնաչափ (մոտ 30 մ ): Հաշվի առնելով քամու ազդեցությունը, այդ մեծությունները կարող են փոփոխվել երկու-երեք ոտնաչափով», — լրատվամիջոցներին տեղեկացրել է խաչի տեղադրման նախաձեռնող քահանա Ռիկ Միլբին: 

Խաչի տեղադրման աշխատանքները, պարբերականի տեղեկության համաձայն, հողի նախապատրաստության փուլում են, որի վրա կտեղադրվի խաչը եւ որը հատկացվել է տեղի իշխանությունների կողմից: 

Corpus Christi Cross Project նախագծի գումարը կազմում է մոտ մեկ մլն դոլար: Առայժմ կազմակերպիչներին հաջողվել  է 142 հազար հավաքել:  

Աշխարհի ամենաբարձր խաչը տեղադրված է  «Զոհվածների հովտում»` Էսկորիալ արքայական վանքի մոտ, որը Մադրիդից   50 կմ հեռավորության վրա է: Դրա բարձրությունը կազմում է 150 մ, իսկ լայնակի գերանի երկարությունը`  46 մ: