Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձնաց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանը տուգանվել է 500 հազար դրամով:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ քննվում էր գործը: 

Նշենք, որ Նարինե Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 119 նախնական ուսումնական հաստատությունում տեղակայված 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, քաղաքացիներ  Մարինե Փափազյանի, Հռիփսիմե Դեմիրճյանի եւ Թամարա Բարսեղյանի տվյալների դիմաց գրառել է անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել եւ կնիքել է իրեն հատկացված Ա-55056 կնիքի դրոշմով, ապա քվեաթերթիկները գցել է քվեատուփը: