Երեխաներին պետք է թույլ տալ համացանցից օգտվել 12 տարեկանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը` նշելով, որ 10 տարեկանից փոքր երեխաները համացանցից օգտվելու բավականաչափ հմտություններ չունեն եւ այդ տարիքում չի խրախուսվում երեխաներին թույլ տալ համացանցից միայնակ օգտվել:
«Ծնողները մինչեւ 10-12 տարեկանը պետք է վերահսկեն երեխաների համացանցային գործունեությունը, թույլ չտան նրանց օգտվել անբովանդակ, անպարկեշտ ու վնասակար կայքերից ու նյութերից: Դրանք երեխաների եւ հոգեբանության, եւ վարքի վրա շատ վատ կարող են անդրադառնալ: Նախընտրելի է, որպեսզի ծնողները թույլ չտան երեխաներին համացանցում տեղադրել անձնական տվյալներ, լուսանկարներ, քանի որ դրանք համացանցում են մնում ամբողջ կյանքում` անգամ դրանք ջնջելուց հետո»,-ասաց Նարինե Խաչատրյանը:
Նարինե Խաչատրյանի խոսքով, ծնողների համար այժմ ավելի դժվար է դարձել երեխաների համացանցային գործունեությունը վերահսկելը, քանի որ այժմ կան հեռախոսներ, որոնք ունեն համացանցին միանալու հնարավորություն:
«Եթե առաջ ծնողները հնարավորություն ունեին տանը տեղադրված համակարգչի միջոցով վերահսկել երեխային, այժմ դա արդեն հնարավոր չէ, քանի որ երեխաներից շատերն հիմնականում նոր սերնդի հեռախոսներ ունեն, որն էլ թույլ է տալիս իրենց ուզած գործողությունն անել համացանցում»,-ասաց նա:
Նարինե Խաչատրյանը, այնուամենայնիվ, ծնողներին խորհուրդ տվեց ավելի զգոն եւ խիստ լինել այս հարցում, որպեսզի հնարավոր լինի երեխաներին համացանցային ռիսկերից հնարավորինս ապահովել:
«Ծնողները նույնպես պետք է համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ համապատասխան գիտելիքներ ունենան, որպեսզի իրենց երեխաներին կարողանան նույնպես սովորեցնել համացանցից ճիշտ օգտվելու հմտությունները: Բացի այդ ծնողները պետք է միշտ վերահսկեն երեխաներին, իմանան, թե ինչ կայքեր են նրանք մտնում, ինչով են զբաղվում համացանցում անցկացրած ընթացքում»,-ասաց նա:





























