Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ ամփոփել է «Տատիկից զինվորին» ծրագիրը։ «Տատիկից զինվորին» նախագծի հիմնական նպատակն էր գաթայով եւ գուլպայով ապահովել որեւէ սահմանային զորամասի զինծառայողներին։
2016թ.–ի հունվարին մեկնարկած ծրագրի շրջանակում Կողբի սահմանային զորամասի զինծառայողները ստացան հագուստ եւ թխվածք` պատրաստված Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան սահմանամերձ գյուղերում բնակվող տատիկների կողմից: Նախաձեռնությանը միացել էին նաեւ Beeline-ի կողմից հովանավորվող «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» նախագծի մասնակիցները, ինչպես նաեւ Երեւանում բնակվող քաղաքացիներ եւ մի շարք կազմակերպություններ։
«Beeline-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերին: «Տատիկից զինվորին» ծրագիրը համարում եմ կրկնակի հաջողված, քանի որ նախագծում ընդգրկվեցին մեր մյուս ծրագրի մասնակիցներին: Նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս մոտ լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին եւ զինծառայողներին, եւ մեր ներդրումն ունենալ այդ համայնքների զարգացման գործում` փոխելով կյանքը դեպի ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նախագիծը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը սիրում եւ գնահատում է իր զինվորին: Ի սկզբանե նախատեսում էինք, որ նախագծին կմասնակցեն միայն սահմանապահ գյուղերում բնակվող տատիկները, իսկ նույն գյուղերում բնակվող երեխաները կօգնեն նրանց: Սակայն նախագծին մասնակցություն ունենալու եւ մեր զինվորների համար ինչ-որ բան անելու ցանկություն հայտնեցին ոչ միայն գյուղերի բնակիչները, այլ նաեւ Երեւանում բնակվող մարդիկ եւ կազմակերպություններ: Արդյունքում նախագիծը դարձավ ոչ թե «Տատիկից զինվորին», այլ «Ազգից զինվորին», - նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:
Նշենք, որ Beeline-ը եւ «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր եւ «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» եւ նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի եւ Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելեցին Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։





























