Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան  բանակի քեֆի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով ոտքի հրազենային վնասվածք ստացած Վանաձորի 43-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:  Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից՝ նշելով, որ նրա վիճակը լավ է, ապաքինվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ին, Դսեղում հնչած կրակոցների հետեւանքով սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստացած Վանաձորի 43-ամյա բնակչին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, ապա Երեւանից հրավիրված «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել Երեւան:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան  բանակի քեֆի ժամանակ  ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ էին հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ  112-րդ հոդվածի  1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն  ձեռք բերել, պահելը:

Կասկածյալը ձերբակալված է: