Հանրաքվեի ընթացքում արձանագրված ու դրա վերաբերյալ համապատասխան մարմիններին դիմումներով ներկայացված ոչ մի դեպք լիարժեք քննության չի ենթարկվել, ոչ մի դեպքով բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն չի իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

«Բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պետական մարմինները փորձել են ձեւական պատճառաբանություններով սպառել դրանք, մերժել են, առանց քննության են թողել կամ հերքել դրանք՝ առանց բովանդակային քննություն իրականացնելու: Դեպքերը շատ բազմազան են ու ցայտուն»,- ասաց նա:

Տիգրան Եգորյանը նշեց, որ դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական հանրաքվեի օրը 1000 դիտորդ են ունեցել 520 տեղամասում, 475 քաղվածքներ են ստացվել խախտումների վերաբերյալ: Նրա խոսքով՝ այնպիսի խախտումներ են արձանագրվել, որոնք պետք է հանգեցնեին հանրաքվեի արդյունքների  անվավեր ճանաչմանը:

«Առնվազն այդ տեղամասերում, որտեղ արձանագրվել էին խախտումները,  քվեարկության արդյունքները պետք է անվավեր ճանաչվեին ու կրկնակի քվեարկություն կազմակերպվեր»,- նշեց Եգորյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացել է սահմանադրական հանրաքվե: Պաշտոնական տվյալներով սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63 տոկոսը: