Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները փետրվարի 10-ին նշել են Դիվանագետի օրը։

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ծաղիկներ է դրել Երեւանի կենտրոնում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի մոտ։ Դեսպանի խոսքով՝ այսօր նշանակալի օր է՝ Դիվանագիտական աշխատակցի տոնը։

«Այս տոնը ցույց է տալիս դիվանագետների կատարած աշխատանքի կարեւորությունը։ Տոնը վկայում է պետության կողմից  դիվանագիտական ծառայության եւ երկար տարիներ ծառայած դիվանագետների նկատմամաբ ուշադրության մասին։ Այսօր մենք ավանդաբար ծաղկեպսակ ենք դնում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի մոտ։ Նա այստեղ ակտիվ դիվանագիտական գործունություն է ծավալել ողջ ռուս-պարսկական պատերազմի ընթացքում (1826-1828թթ.)՝ լինելով ռուսական բանակում։ Նա մասնակցել է Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ճակատամարտերին, այդ թվում՝ Երեւանի ազատագրությանը եւ Երեւանի բերդը գրավելու համար մեդալ է ստացել»,- հիշեցրել է դեսպանը՝ նշելով, որ Գրիբոյեդովը նպաստել է Պարսկաստանից ավելի քան 40 հազար հայերի՝ հայրենիք վերադառնալուն։