Անցած տարվա փետրվարի 28-ին զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի ընտանիքը մոտ մեկ տարի է՝ վարձով էր բնակվում Երեւանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Աղեկյանի հարազատները՝ անդրադառնալով նախօրեին Երեւանի ավագանու կայացրած որոշմանը, համաձայն որի՝ հակառակորդի դիվերսիայի ժամանակ զոհված փոխգնդապետի ընտանիքին մայրաքաղաքում բնակարան հատկացվեց

«Արտակ Աղեկյանն ընտանիքի հետ Մատաղիսում էր բնակվում, այնտեղ ծառայողական բնակարան էին հատկացրել: Բնականաբար, նրա զոհվելուց հետո ընտանիքը հանձնեց բնակարանն ու տեղափոխվեց Երեւան: Երեկ էլ արդեն Երեւանի քաղաքապետարանը բնակարան հատկացրեց»,- ասացին հարազատները:

Աղեկյանը երկու մանկահասակ երեխա ունի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015-ի փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Բարոյանը:

Արտակ Աղեկյանը Տաշիր քաղաքից էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Նա Զինված ուժերում էր 1996 թվականից:

Փոխգնդապետը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա զինծառայողի կյանքը: