«Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB),  որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, այսօր՝ փետրվարի 10-ին, ցուցակվել եւ ընդգրկվել են բաժնետոմսերի երկրորդային ցուցակում:

Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ այս գործընթացը հնարավորություն է տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաեւ թույլատրվում է դրանցով հասցեական եւ ռեպո գործարքների կնքումը:

Հատկանշական է,  որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում եւ ցուցակեց դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար եւ փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:

Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով,  45 մասնաճյուղերով եւ 50 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: