Սահմանադրական հանրաքվեի օրը 19-ամյա Գեւորգ Խաչատրյանը կրկնակի քվեարկելու փորձ է արել իր սկզբունքներից ելնելով: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց մեղադրյալի փաստաբան Ժաննա Կոտիկյանը:
«Քննարկումներ են եղել շրջապատում, ընկերների հետ, ինստիտուտում, արդյունքում բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ սահմանադրական բարեփոխումները խիստ անհրաժեշտ են մեր երկրի համար, նա էլ դա ընդունել է բավական լուրջ ու հանուն իր սկզբունքների փորձել է երկրորդ անգամ գնալ, քվեարկել, աջակցել, որ սահմանադրական փոփոխություններն անցնեն»,- աաց Ժաննա Կոտիկյանը:
Փաստաբանը վստահեցրեց, որ Գեւորգը շահադիտական նպատակով չի արել նման բան, ոչ մի կուսակցության անդամ չէ:
Գեւորգ Խաչատրյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ: Նա դատարանին միջնորդել է արագացված կարգով քննել իր գործը:
Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով գնացել է թիվ 8/25 ընտրատեղամաս, փորձել է նորից քվեարկել, սակայն նկատվել է հանձնաժողովի անդամի կողմից:





























