Միասնական դաշինքով 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի առաջարկը քննարկման ենթակա է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Պարոն Բագրատյանի ասածը քննարկման ենթակա հարց է, երբ առաջարկ կլինի մեզ հետ հարցը քննարկելու, կքննարկենք, պարզ է՝ հարցը որոշակի տրամաբանությամբ է արված։ Բայց ակնհայտ է, որ  միասնական դաշինք կազմելու հանմար կան բազմաթիվ հարցեր ներքինից մինչեւ արտաքին քաղաքականություն, դրա համար հստակ պատասխանը միայն քննարկումից հետո կարող ենք տալ»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով  միասնական դաշինքների ցածր արդյունավետությանը, որ դրանք շատ կարճ կյանք են ունենում եւ նպատակին չեն ծառայում, Մարտիրոսյանը նկատեց․ «Եթե նորմալ ընտրական համակարգ ունենայինք ու նորմալ քաղաքական  դաշտ, ամեն ինչ այլ կլիներ։ Պարոն Բագրատյանը երբ որ հանդիպման ժամանակ մոտեցումները կներկայացնի, պարզ կլինի»։

Մարտիրոսյանը վստահեցրեց, որ առաջին անգամ են լսել Բագրատյանի հայտարարության մասին, մինչ այդ նա իրենց չի հայտնել իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն առաջարկել է բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հաղթել: «Եթե հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ապա բոլորը ձայն են տալու այս միավորմանը: Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ հրավիրում եմ՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, եթե մեկին մոռացել եմ, հազար ներողություն: Եթե այդ ուժերը միավորվեն, հաղթում են պառլամենտական ընտրություններում»,-ասել է Բագրատյանը:

Ըստ նրա, միանալու դեպքում՝ վիճակահանությամբ են որոշելու ցուցակի հաջոդրականությունը, իսկ քարոզարշավի ծախսը հավասարապես բաշխելու են: Նա հայտարարել է, թե ՀՀԿ-ն 5 տոկոս ձայն չունի, իսկ ՀՅԴ-ի հետ ավելի քիչ ձայն կստանա: